Posted in Հեռավար ուսուցում, Uncategorized

«Թռչող Հոլանդացին»

 

Image result for legend the flying dutchman

Մոլեգնող փոթորիկը նորվեգացի ծովագնաց Դալանդի նավը նետում է ժայռոտ ափերով խորշը: Հոգնած ղեկակալը, իզուր փորձելով իրեն ոգևորել երգելով, քնում է դիտակետում: Կայծակի փայլատակումների մեջ, հետզհետե աճող փոթորկի սուլոցի տակ հայտնվում է «Թռչող Հոլանդացին»՝ իր խորհրդավոր նավով, որ ունի արյան նման կարմիր առագաստներ ու սև կայմ: Գունատ նավապետը դանդաղ դուրս է գալիս ափ: Անեծքը կախված է նրա վրա, նա դատապարտված է հավերժ թափառելու: Իզուր է նա մահ փնտրում. նրա նավն անվնաս է մնացել փոթորիկների ու ալեկոծությունների մեջ, իսկ ծովահենները չեն խլել իր գանձերը: Ոչ ցամաքում, ոչ ալիքների վրա նա չի կարող հանգիստ գտնել: Հոլանդացին Դալանդից ապաստան է խնդրում՝ նրան խոստանալով անհամար հարստություն: Վերջինս, ուրախանալով հարստանալու առիթից, պատրաստակամություն է հայտնում ծովայինին հանձնել իր դստերը՝ Սենտային: Հույսը բռնկվում է Թափառականի հոգում. միգուցե Դալանդի ընտանիքում նա վերագտնի իր կորցրած հայրենիքը, իսկ նուրբ ու նվիրված Սենտայի սերն իրեն պարգևի իր երազած աշխարհը: Ուրախ ողջունելով համընթաց քամուն, նորվեգացի ծովայինները պատրաստվում են նավագնացության:

1950 թվականին Մյունխենում տեղի ունեցած բեմադրության պատկերազարդումներից:

Սպասելով Դալանդի նավի վերադարձին, աղջիկները երգում են ճախարակների առջև: Սենտան ընկղմված զննում է հին դիմանկարը, որտեղ պատկերված է մի ծովայինի գունատ և տխուր դեմքը: Ընկերուհիները խաղում են Սենտայի հոգու հետ՝ հիշեցնելով խենթի պես իրեն սիրահարված որսորդ Էրիկին, ով ատում է այս դիմանկարը: Սենտան երգում է մանկուց իր հոգին գերած բալլադը՝ Թափառականի մասին. հավերժ սլանում է խորհրդավոր նավը ծովերով, ամեն յոթ տարին մեկ նավապետը դուրս է գալիս ափ և փնտրում է այն աղջկան, ով հավատարիմ կլինի իրեն մինչև գերեզման և ով միակն է, որ կարող է վերջ դնել իր տառապանքին, Բայց ոչ մի տեղ նա չի գտնում մի հավատարիմ սիրտ, և կրկին բարձրացնում է առագաստները ուրվական-նավը: Սենտայի ընկերուհիները հուզվում են Թափառականի մռայլ ճակատագրի պատմությունից, իսկ նա, հուզմունքի պոռթկման պահին, երդվում է հանել Հոլանդացու անեծքը: Սենտայի խոսքերը խռովում են այդ պահին ներս մտնող Էրիկի հոգին, նրան համակում է տարօրինակ զգացողություն: Էրիկը պատմում է իր չարագուշակ երազը. «Մի անգամ նա խորշում նկատում է անծանոթ նավ, որից ափ են դուրս գալիս երկու հոգի՝ Սենտայի հայրը և մի անծանոթ, որ դիմանկարի ծովայինն էր: Սենտան վազում է նրանց դիմավորելու և կարոտով գրկում է անծանոթին»: Այժմ արդեն Սենտան վստահ է, որ Թափառականն սպասում է իրեն: Էրիկը հուսահատված հեռանում է: Անսպասելիորեն շեմին են հայտնվում Դալանդը և Հոլանդացին: Հայրն ուրախությամբ Սենտային է պատմում նավապետի հետ իր հանդիպման մասին և հայտնում, որ վերջինս, առանց խնայելու, իրեն նվերներ կհանձնի և կլինի լավ ամուսին: Բայց Սենտան, հուզված հանդիպումից, չի լսում հոր խոքերը: Զարմացած դստեր և հյուրի լռությունից, նա մենակ է թողնում նրանց: Հոլանդացին աչքը չի կտրում Սենտայից. նրա սերն ու նվիրվածությունն իրեն ազատություն կբերեն: Նորվեգացի նավաստիներն աղմուկով տոնում են իրենց բարեհաջող վերադարձը: Նրանք զվարճանալու են կանչում նաև հոլանդական նավի անձնակազմին, բայց այնտեղ տիրում էր խավար և լռություն: Դալանդի նավաստիները ծաղրում են խորհրդավոր անձնակազմին և վախեցնում են աղջիկներին՝ Թռչող Հոլանդացու մասին պատմություններով: Հանկարծ ծովում փոթորիկ է սկսվում, քամին սուլում է նավի վրա և պոկում առագաստները: Ուրվական-նավի տախտակամածից լսվում է վայրենի երգի հնչյուններ՝ սարսափեցնելով նորվեգացի նավաստիներին: Նրանք անհաջող կերպով ձգտում են լռեցնել այն՝ իրենց զվարթ երգերով և վախից սկսում են այս ու այն կողմ վազել: Էրիկը, տեղեկանալով կատարվածի մասին, Սենտային համոզում է ճակատագիրը չկապել անծանոթի հետ: Բայց Սենտան չի լսում նրան. չէ՞ որ ինքը երդում է տվել, իրեն սպասում է մեծ պարտականություն: Այնժամ Էրիկը նրան հիշեցնում է միասին անցկացրած օրերը և միմյանց փոխադարձ սիրո մասին կատարած մեղմ խոստովանությունները: Դա լսելով, Հոլանդացին ընկնում է հուսահատության մեջ. Սենտայի մեջ էլ ինքը չգտավ հավերժ հավատարմություն: Նա բացում է իր գաղտնիքը և շտապում դեպի նավ՝ դարձյալ դուրս գալու հավիտենական թափառումների: Իզուր են Էրիկն ու Դալանդը համոզում Սենտային, նա վճռական է Թափառականին փրկելու իր որոշման մեջ, որին հավատարմության երդում էր տվել: Բարձր ժայռից նա ծովն է նետվում՝ իր մահվամբ քավելով Հոլանդացու մեղքերը: Ուրվական-նավը խորտակվում է:

Թողնել մեկնաբանություն